Ֆինանսական աջակցությունից բողոքում են նաև ՄԻՊ-ին
21.07.2020 | 16:33
Ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, այլև մեր խմբագրության, ինչպես նաև մյուս լրատվամիջոցների հեռախոսները «կարմրում» են մարդկանց բողոք-զանգերից։
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի, Covid-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել են 794 դիմում-բողոք։ Հայտարարության մեջ նշվում է, որ ստացել են նաև բանավոր բողոքներ։ Ըստ ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժնի վերլուծության` բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու՝ տեխնիկական բնույթի և իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խմբերի։
Մեր ուսումնասիրությունները ևս հաստատում են ՄԻՊ-ի այս եզրակացությունը։ Խմբագրության ստացած բողոքների զգալի մասն առնչվում է տեխնիկական բնույթի հարցերին, որոնք լուծվել են տեխնիկական խնդիրները պարզելուց հետո (մարդիկ նորից հայտեր են լրացրել։ Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, այստեղ ավելի լուրջ հարցեր կան։ Օրինակ, անհատ ձեռներեցին, որն զբաղվում է կոշկակարությամբ, պետությունը ֆինանսական աջակցություն է հատկացնում, իսկ դրամապանակների, կաշվե գոտիների արտադրությամբ զբաղվող անհատ ձեռներեցին ֆինանսական աջակցություն նախատեսված չէ։ Ստացվում է` կոշկակարը ուտել ուզում է, իսկ պայուսակագործը՝ ոչ։ Այսպիսի մոտեցումը անհավասար պայմաններ է ստեղծում, ավելին, սոցիալական դժգոհության տեղիք տալիս։ Նորություն չէ, որ միակողմանի մոտեցումները չեն նպաստում սոցիալական արդարության ապահովմանը։
Կարծում ենք` անհրաժեշտ է նաև հիմնովին կարգավորել տեխնիկական խնդիրները, քանի որ մարդը պարտավոր չէ բողոքը ձեռքին դռնեդուռ ընկնել օրենքով սահմանված իր բաժին ֆինանսական աջակցությունը ստանալու համար։ Վերջապես, մարդը իր հաճույքի համար չէ, որ չի աշխատում։ Այս պահին կարևոր է թե ՄԻՊ-ը իր այս հայտարարությունից բացի ինչ քայլեր կձեռնարկի և որքանով հետամուտ կլինի նախանշված խնդիրներ կարգավորմանը։ «Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այնուհանդերձ արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում։ Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումները իրականացնելու մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Դե ինչ, մեզ մնում է սպասել ՄԻՊ-ի հաջորդ հայտարարությանը, որից պարզ կդառնա, թե կարգավորման կարոտ խնդիրներն ինչ լուծում են ստացել։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ